ՈՒկրաինայի քաղաքացիների ընտրությունը կայացել է հօգուտ եվրաինտեգրման: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ՈՒկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում: Դեսպանը նշել է, որ իր երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները «մեծ հետաքրքրություն են առաջացրել միջազգային հանրության շրջանում»: Դեսպանի խոսքով՝ ընտրություններին առաջին հերթին արձագանքել են «Եվրախորհուրդը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը», ընտրությունների արդյունքներն «ընդունել են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ», ինչպիսին ԵԱՀԿ-ն է: Իվան Կուխտան ընդգծել է փաստը, որ միջազգային դիտորդները ՈՒկրաինայի խորհրդարանական ընտրությունները ճանաչել են արդար, թափանցիկ և ժողովրդավարական: Դեսպանը նշել է նաև, որ հնարավոր է մոտ ժամանակում ընտրություններում հաղթած ուժերի կոալիցիա ձևավորվի, որից հետո խորհրդարանը կսկսի իր աշխատանքը:
Անդրադառնալով այն հարցին, թե ՈՒկրաինայի որոշ շրջաններում ընտրություններ տեղի չեն ունեցել, դիվանագետը նշել է, որ հավանական է ընտրություններ «անցկացվեն և ՈՒկրաինայի մյուս շրջաններում»: «ՈՒկրաինան ոչինչ ոչ մեկին չի պատրաստվում վճարելու»,-ասել է Կուխտան և նշել, որ իր երկիրն ամեն ինչ կանի իր տարածքային ամբողջականության պահպանման համար: «Մեր նախագահը հայտարարել է, որ ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը կմնա նույն տեսքով, որ ամրագրվել է Բուդապեշտի համաձայնագրով»,-ասել է Իվան Կուխտան: Ինչ վերաբերում է Ղրիմին, դեսպանը հույս ունի մի օր այն կրկին տեսնել ՈՒկրաինայի տարածքում:
Իսկ վերջերս տարածված տեղեկությունը, թե նոյեմբերից վերականգնվում է Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթը, այն ապատեղեկատվություն է: Իվան Կուխտան նշել է, որ ՀՀ-ում ՈՒկրաինայի դեսպանությունը կապվել է պատկան մարմինների հետ և պարզել, որ Հայաստանի կողմից նման թույլտվություն չկա: «Իշխանության պաշտոնական մարմինները հայտարարել են, որ ուղիղ չվերթի թույլտվություն ոչ ոք չի տվել»,- ասել է ՈՒկրաինայի դեսպան Իվան Կուխտան: